Գազի գնի բարձրացմանը զուգահեռ քաղաքականությամբ զբաղվող տարբեր մարդիկ շատ են խոսում սպասվող սոցիալական բունտի մասին և տարբեր կանխատեսումներ են անում: Ոմանք կարծում են, որ դա անխուսափելի է, ոմանք, որ բունտ չի կարող լինել, քանի որ այն հատուկ չէ մեր ժողովրդին, երրորդ խումբն էլ այն կարծիքին է, թե ավելի է լավ է ոչ մի բունտ էլ չլինի, քանի որ հետևանքները կաորղ են անկանխատեսելի լինել:
Մեկ անգամ արդեն առիթ ունեցել եմ նշելու, որ ընդդիմադիր դաշտում նոր ձևակերպումների կարիք կա: Փաստ է, որ հայաստանցիները դժգոհ են իշխանություններից: Իսկ ընդդիմությունի՞ց: Ի՞նչ են այսօր առաջարկում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերը հասարակությանը: Ի՞նչ աշխատանք են տանում նրանք ժողովրդի հետ: Ի՞նչ կարող է լինել, եթե իսկապես ժողովուրդը զանգվածաբար ընդվզի իշխանության դեմ:
Արդեն հայտնի մի քանի հասարակական խմբեր կան, որոնք պարբերաբար ընդվզում են իշխանության այս կամ այն որոշման, թերացման դեմ: Դրանց վերջերս միացան նաև ազատամարտիկները: Որպես կանոն, այս խմբերը հրապարակում հայտնվում են տարերայնորեն, իսկ նրանց երբեմն ուղղորդող կամ միացող ՀԿ-ները ոչ այնքան համակարգված են գործում: Քաղաքական կուսակցություններն ընդհանրապես չեն երևում մեջտեղում: Երբեմն մեկ-երկու պատգամավորի առկայությունը այս կամ այն բողոքի ցույցին կամ հերթական դատապարտող հայտարարությունը երանգ չեն փոխում: Ստացվում է, որ հասարակությունն իր ընդվզումների մեջ մենակ է: Այս օրերին էլ, ովքեր խոսում են հնարավոր սոցիալական բունտից, ընդգծում են միայն կառավարման համակարգի խորացող ճգնաժամի ու բողոքավոր քաղաքացիների առկայության փաստը, բայց ոչ մի խոսք՝ սեփական առաջարկությունների մասին: Օրինակ, ի՞նչ է լինելու, եթե զանգվածային ընդվզումներ սկսվեն երկրում: Ովքե՞ր են առաջնորդելու այդ ընդվզումները: Առաջնորդելո՞ւ են, թե ժողովրդին թողնելու են միայնակ ոստիկանության դեմ-հանդիման:
Հաճախ ընդդիմադիր ուժերը պարզապես լեզու չեն գտնում միմյանց հետ, ու սա արդեն ընդդիմություն ասվածի ներուժի նկատմամբ թերահավատության բավարար առիթ է: Ընդդիմությունը, անդրադառնալով արտագաղթի թեմային, հաճախ նշում է միայն իշխանության ոչ արդյունավետ գործունեությունը, բայց արդյո՞ք ինքն իր համար քննարկում է այն` ոչ ամենևին անհավանական հանգամանքը, որ մարդիկ կարող են արտագաղթել նաև ընդդիմադիր դաշտում իշխանության նկատմամբ այլընտրանքի բացակայությունից: Ընդդիմադիր դաշտը վաղուց արդեն «refresh»-ի կարիք ունի: Փաստ է, որ այսօր չկան հասարակությանը համակող գաղափարներ, չկա քաղաքական մտքի հստակ ձևակերպում, չկա իշխանությանը հակակշռող ուժ: Ընդդիմությունը այս օրերին հեչթական ճգնաժամն է ապրում՝ իշխանության դեմ պայքարում արդեն հնացած մոտեցումներով:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ